Տատս փոքր-մոքր կին էր: Տարիները մեկը մյուսի հետևից իջնում էին իր հոգնած ուսերին ու պահ տալիս էս մի բուռ կնոջն իր կոպալի ամրությանը: Մաաաանր քայլերով հատում էր երկու տներն իրարից բաժանող փոշոտ փողոցն ու լուռ նստում մեր արևոտ պատշգամբում, մինչև մայրս իր կրակոտ էությամբ հասցնում էր մի գավաթ սուրճն ու կոնֆետների սկուտեղը: Տատս ամոթխած երկու կոնֆետ էր վերցնում ու քրթմնջում. «Դավոյիս, Անոյիս տանեմ». փոքր թոռներն էին, իր աչքի լույսը: Տատիս օր չէին տալիս, բայց սիրտը վառվում էր, թե գլխներից մի մազ պակասեր:
«Ջու-ջու-ջու-ջու» տաքուկ կանչում էր ամեն արևահամ իրիկուն, ու սև գոգնոցից ցորենի կարկուտ էր տեղում անկուշտ հավերի կատարներին:
Կիսախավար նկուղում փեչի հեքիաթասաց ճտճտոցն էր, եփվող կաթի հոտն ու տատիս մեծ փայտե շերեփի անխռով գերակայությունը: Խառնում էր կաթը, խառնում, մինչև շիճուկի կանաչադեղնավուն գոյացությունն ազդարարում էր խառնիճաղանջ պուճուրների անզսուսպ ուրախությունը. դա նշանակում էր, որ ամենքիս էլ բաժին պիտի հասնի ջիլ պանիր սարքելու պատիվը: Տատիս հանդարտ էությունը վերակերպվում էր ցամաքած ձեռքերի ու սպիտակ օձի ճարպիկ գալարների, որոնցից յուրաքանչյուրը մի քանի սանտիմետրով ավելացնում էր վերջինիս երկարությունն ու պուճուրներիս հրճվանքը. երկար ջիլ նշանակում էր այն թել-թել անելու, երկար թելերը բերանի վերևում պահելու ու կամաց-կամաց էնտեղ վարպետորեն տեղավորելու խոստում: Երկար, տաք, անալի ջիլը պուճուրի երջանկության գրավական էր ու տատս՝ դրա երաշխավորը...
4 comments:
Sirts pxurtsav, ay axchi...
ջիլ պանիր եմ ուզում անալի...
էն ձեր թաղերի էրեխեն, որ քուրուախպեր էին, իրանց հերն էլ բանտում էր... հիշում ե՞ս: պայծառ էրեխա էր աղջիկը... կարող ա սխալվեմ, բայց կարծեմ հերը մորը սպանել էր... :( էդ էրեխեն դեռ կա՞: կարծեմ Անժելա էր անունը...
պատմությունդ հիշացրեց, չմեղադրես:
Արամազդ ջան, Անժելայից ոչ մի տեղեկություն չունեմ: Պիտի որ շատ գեղեցիկ կին լինի դարձած...
Post a Comment