Wednesday, March 19, 2008

Մեր Նանաշոն

Տատն ու պապն իրեն կոչել էին "Արմենուհի": Ոչ ոք երբևէ իրեն այդպես չանվանեց: Արմիկ, Սվետիկ, Սվո... Մինչև մորս "Նանը" դարձավ "Նանաշո": Փոքրամարմին, ուղիղ, սև, կարճ մազերով ու ամեն ինչ ջերմագույն ժպիտի տակ թաքցրած կրակոտ աչքերով այս երիտասարդ աղջիկը բոլորին հիշեցնում էր Միրեյ Մատյոյին` իր նեղ ջինսե տաբատով, գլխի շարժումին հնազանդ կլոր սանրվածքով ու իր կրքոտ կենսախնդությամբ:

Նանաշոն բոլորի սիրելին էր. միշտ հասնում էր, երբ ոչ ոքից այլևս օգնություն չէր կարելի սպասել, տղաները վստահում էին կանանց մասին ամենաթաքուն գաղտնիքները, կանայք` տղամարդկանց հանդեպ իրենց զգացմունքները: Արմիկին միշտ կարելի է խնդրել բացատրել, գծագրել, կուրսային գրել: Ամեն ինչ անում էր ժպիտով, կարծես առանց որևէ ջանքի:

Ամռանը, երբ ավարտեց պոլիտեխնիկը, մենք գնացինք Ադլեր, ինքը` Ալավերդի: Վերադարձին իմացանք, որ Նանաշոն նշանվել է: Մայրս չէր կարողանում տեղը գտնել, հայրս` վիրավորված էր. եթե կյանքում առանցք պետք է լիներ, Նանաշոյի համար դա հայրս էր, իսկ հիմա ինքն առանց այդ առանցքի ճանապարհ է ընկել... դեպի ընտանիք, որ հորս համար սրբություն է:

Երբ մերոնք հանդիպեցին Նանաշոյին, նա ժպտաց ու ասաց ընդամենը սա. "Եթե դուք էստեղ լինեիք, երբեք չէիք համաձայնվի..." Մայրս ասում է, որ Նանաշոն սիրում էր իր կուրսեցի Ստյոպին՝ մեր շրջկոմի նախագահի տղային: Շատ լավ ընկերներ էին: Մի քանի անգամ նա Նանաշոյին ճանապարհում է Ալավերդի ու "երևի իմացավ, որբ էրեխա ա, հերն ալկահոլիկի մեկն ա էղել, ինքն է շրջկոմի նախագահի տղա: Էլ չճանապարհեց..."
Իսկ Հայկասարը համառ էր: Նանաշոն դեռ առաջին կուրսում էր, ես էլ մի, թե երկու տարեկան: Հայրս մտնում է տուն, տեսնում ինչ-որ անծանոթ մարդիկ են նստած: "Եկել ենք ձեր աղջկան ուզելու": Հայրս տարակուսում է, "Իմ աղջիկը մի տարեկան է": Հայկասարի ծնողներն էին: Աղջիկն էլ պապայի մեծն էր` Նանաշոն: Պապային դուր չեն գալիս անծանոթները. "Ես ամուսնացնելու աղջիկ չունեմ":

Նանաշոն նուրբ, խորը կին էր: Հայկասարը` վայրենի տղամարդ: Մի օր Ալավերդում մորաքրոջս տանը հյուրընկալելիս մայրս որոշեց հյուր գնալ Նանաշոյին: Զանգեց, պարզվեց չի կարող ընդունել: Մայրս զարմացավ, բայց մտածեց, դե երևի կեսուր, հարևան, բարեկամ, ոչինչ, հաջորդ օրը կգնա: Մյուս օրը Նանաշոն արդեն չկարողացավ լուրջ պատրվակ գտնել: Մի քանի ժամից մայրս վերադարձավ` խեղդվելով անզուսպ հեկեկոցներից: "Մինչև աչքերը կապտուկների մեջ էր էրեխեն..."

Մայրս Հայկասարին երբեք չներեց: Հայրս ու Հայկասարը երբեք չկարողացան իրար աչքերի մեջ նայել: Նանաշոն շարունակեց ապրել Հայկասարի հետ ու ժպտալ. "Չէ, երեխեքին չեմ կարող առանց հոր թողնել":

Անցան տարիներ: 90-ականներին գնացին Ռուսաստան: Իմացանք, որ Հայկասարը վատառողջ է: Վերջին մի քանի ամիսը շատ վատ էր ու Նանաշոն անխոնջ, ժպտալով, համբերատար խնամում էր: Հուղարկավորության ժամանակ լուռ արտասվում էր ու հետևում, որ ամեն ինչ պատվով ու կարգով լինի...

Նույն փոքրամարմին կինն էր, արդեն կարճ, ալեխառն մազերով ու տխուր, ժպտացող աչքերով: Երկու հասուն տղամարդու մայր...

No comments: