Thursday, February 21, 2008

Լեյլան ու իմ վախը

Մանկությունը մի թռչուն է` թելով կապված մեր սրտերից,
Թելը պոկվում է, նա թռչում ու հեռանում է մեզանից:

"Խոսքեր" Ռ. Հախվերդյան


Բայց թռչունը գալիս, հպվում է սրտիդ, երբ հիշում ես...

Մեր բակում ապրում էին բազմաթիվ ընտանիքներ: Մի քիչ նման, մի քիչ տարբեր, մի քիչ հարուստ, մի քիչ աղքատ, մի քիչ մաքուր, մի քիչ փնթի, մի քիչ գոռգոռացող, մի քիչ հանգիստ, մի քիչ "ինտելիգենտ", մի քիչ "բանվոր"... Բազմաթիվ սովետական հինգհարկանի շենքերից մեկը, որ ժամանակին հանրակացարան էր եղել, հետո դարձել օջախատեղի, ուր հանրայինից մնացել էր բակը...

Ապրում էին բազմաթիվ ընտանիքներ: "Կակաշիկոտենք", որտեղ կային անհաշիվ երեխաներ` փնթի ու ուրախ: Լուսիկենք, որտեղ բոլորը լուռ էին: Ես չէի հարցնում ինչու: Մինչև հիմա չգիտեմ, բայց հարցնելու պահանջ էլ չունեի: Տանը եթե հայր չկա, լռելը բնական է, հարցեր պետք չեն: Պայծառ տատը` դինջ Կիրովականն իր լեննագանցու կրակոտ բարբառով ու անեծքներով դիվադադար անող: Ու կային Լեյլայենք` իմ ահուսարսափ Լեյլայի գլխավորությամբ: Լեյլան իր չորս քույրերի ու մոր հետ ապրում էր մեր կողքի շքամուտքի առաջին հարկում: Մայրը փարթամ մարմնով, վավաշոտ, վառ շուրթերով, պարբերաբար շեկացող կամ սևացող մազերով կին էր` արևածաղիկը` ձեռքից, իսկ ժպիտը շուրթերից անպակաս ու պատուհանից սովորաբար կախված` բակին հառված անորոշ հայացքով:

Կային երկու մեծ քույրեր, որոնց գրեթե չէի տասնում: Գնում-գալիս էին տարբեր մեքենաներով, տարբեր տղամարդկանց հետ: Ու կար Լեյլան` սպիտակամաշկ, շիկահեր մազերը միշտ կարճ կտրած, 16-ում արդեն բավականին լիքն ու կանացի ազդրերը կիպ տաբատներին պահ տված ու կոպիտ-կոպիտ ձայնով, որով հայհոյում էր իր ճանապարհին հայտնված բոլոր "պուճուրներին"... Ծխում էր Լեյլան, իր բոցավառ կրակը օրվա ընթացքում մոխրացնում տղաների հետ վազվզոցներում ու փոքրերի դեմ ծուղակներ լարելով: Քանի որ իմ բակը գրքերն էին, Լեյլայի ու իմ ճանապարհները սովորաբար չէին հատվում: Մինչև մի ամառային օր, երբ առաջին, թե երկրորդ դասարանում ես որոշեցի իմ ընկերուհի Գայանեի հետ ճոճվել շենքի կողքի պատից կախված երկաթե աստիճաններից: Գայանեին մեր բակից անջատում էին մի քանի շենքեր, որոնք, սակայն, բավականաչափ ապահով պատվար չէին Լեյլայի համբավից պաշտպանվելու համար:

Կախվեցինք, ուրախացանք, որոշեցինք տեսնել մինչև որ աստիճանը կարող ենք հասնել ու չվախենալ կախվել ու ճոճվել, մինչև հանկարծ մեր կողքին հայտնվեց Բելան` Լեյլայի փոքր քույրը, որը երկու թե երեք տարով փոքր էր մեզանից: Սկսեց նվնվալ, թե աստիճանը պետք է զիջել իրեն: Մենք համառորեն անտեսում էինք վտանգավոր նվնվոցը: Մինչև այն պահը, երբ հերթական ճոճքի ժամանակ Գայանեի ոտքը դիպավ Բելային, ու նա մի անտանելի ճղճղոց դնելով` վազեց դեպի տուն: Հասկացանք, որ մեր բանը բուրդ է... Ու Բելայից արագ փախանք... չէ, ոչ թե որևէ մեկիս տուն, այլ մեր հարևանի: Խելացի տակտիկա էր, ըստ մեզ. Լեյլան մեզ չի կարողանա գտնել Ռուզանենց տանը: Թակեցինք Ռուզանենց տան դուռը, Ռուզանին, ով Լեյլայի հասակակիցն էր, հանգամանորեն բացատրեցինք ճգնաժամային իրավիճակն ու ապաստարան խնդրեցինք: Ստացանք: Մտանք ներս ու սրտատրոփ նստեցինք բազմոցին: 10 րոպե էլ չէր անցել, դուռը թակեցին: Ռուզանն ասաց, որ չբացել չի կարող, Լեյլան է... Դուռը բացվեց, Լեյլան խռպոտ վրա տվեց. "Ո՞վ ա Բելային խփել"

Լռություն...

Երկուսով ուշադիր ուսումնասիրում ենք մեր կոշիկները:

"Դո՞ւ ես, ախչի", Լեյլայի կատաղած աչքերը նայում են ինձ: Անսովոր փայլ, կասեի նույնիսկ ուրախություն կա մեջը. "Ինձանից չեեեեես փախչի......Դու էլ ընկար ձեռքս, բա ոնց"

"Չենք խփել, ճոճվելիս Գայանեի ոտքը կպավ: Բելան էն կողմ չէր գնում...": Ես եմ, ոտքերիս վրա հազիվ եմ կանգնում: Լեյլայի ափն իջնում է Գայանեի դեմքին . "Մեկ էլ քեզ էս թաղում տեսել եմ..."

Գայանեն ոչինչ չասաց: Մեր տաս տարվա ջերմ ընկերության ընթացքում երբևէ չանդրադարձանք այս դեպքին, չգիտեմ նույնիսկ ինքը հիշում էր, թե ոչ: Բայց ամեն անգամ, երբ ժամանակ եմ ունենում մտածելու ու որոշելու վախենալ, թե ոչ, հիշում եմ Լեյլայի ափը...

No comments: