Գիշերային թիթեռներին վառ լամպի շուրջ, իհարկե, տեսել եք: Մի մասը պտտվում ու պտտվում է ողջ գիշեր, իսկ առավոտյան, գիշերային կատաղի պտույտներից հանգած, հայտնվում ` բազրիքին` հանգած, ուժասպառ: Կամ էլ, ինչպես եկել էին, այնպես էլ անհետանում են...
Կան թիթեռներ, որ կպչում են լամպին ու հանդարտ, առանց տենդագին իրարանցման սպասում հաջորդ գիշերվան...
Որոշ խիզախներ էլ մտնում են լամպի մեջ ու վառված, անշունչ թափվում գետնին...
Մտքերն այս մոլորակում արժանացել են թիթեռային ճակատագրի:-). որոշ մտքեր բախվում են քեզ ու անցնում-գնում: Քոնը չեն դառնում: Միգուցե մի ամբողջ ժամ, րոպե, վայրկյան մտածում ես այդ միտքն ու վերջ, անցնում-գնում է ու երբեք չի վերադառնում: Իսկ եթե նույնիսկ վերադառնում է, համոզված չես կարող լինել, թե նույնն է:-)
Կան մտքեր, որ կպչում են ուղեղիդ ու պարբերաբար սկսում պտտվել, պտտվել, պտտվել... Հանգիստ չկա դրանցից, քանի դեռ ինչ-որ կանգառ չես առաջարկում` պատասխան, հարց, հետո անդրդադառնալու խոստում...
Ու կան մտքեր, որ սպառում են իրենց. փորձարկում ես այնքան, մինչև առաձգականության սահմաններն էլ անհետանում են, ու անշունչ, վառված թիթեռի նման շարում ես հարյուրավոր նման մտքերի կողքին... Դիակների այդ կույտն անշուշտ պարարտացնում է ուղեղը, բայց իրենց, որպես այդպիսին շատ աղոտ ես հիշում, եթե հիշում ես երբևէ...
"Միջոցը չի արդարացնում նպատակը": Սա իմ պարբերաբար խելահեղ պտույտի մեջ ներքաշվող մտքերից է: Կյանքիս տարբեր փուլերում բախվել եմ դրա հետ ու ամեն բախումից հետո իմացել եմ, որ վերջինը չի:
Երեկ նորից հանդիպեցինք... Նպատակները սովորաբար ընդհանրական են լինում, միջոցները մանրամասներ են սիրում` առօրյա աշխատանք, սխալներ, սխալների ուղղում, փոքր քայլեր, որ տանում են քեզ դեպի նպատակ: Ընքացք, գործընթաց, գործունեություն, ամեն օր: Սա է միջոցը: Երբեմն դրանք քեզ հասցնում են նպատակին, երբեմն` ոչ: Առավոտյան արթնանալ, աշխատել, ինչ-որ բան քանդել, ինչ-որ բան սարքել: Ամեն օր, օր-օրի: Ու մի պահ, երբ գլուխդ վեր ես բարձրացնում, տեսնում ես, որ կյանք ես ապրել, ամեն օր, օր-օրի... Չգիտեմ, հասել ես նպատակիդ, թե ոչ, բայց այդ ԸՆԹԱՑՔԸ ՔՈ ԿՅԱՆՔՆ Է ԵՂԵԼ ու որպես այդպիսին շարունակում է մասն լինել ներկայի, ու ապագան էլ հազիվ թե հանգիստ թողնի դրան: Եթե կարողացար հանգիստ խղճով, պարզ ճակատով նայել անցյալ ընթացքին (որն է միջոց), ուրեմն նույնիսկ նպատակին չհասնելը ցավոտ չի լինի: Եթե այդ կանգառում հասկանում ես, որ նպատակին հասել ես, բայց ընթացքը ավերակների կույտ է, չգիտեմ, ընդունակ կլինե՞ս արդյոք նշելու քո հաղթանակը:
Երբ ընթացքում որևէ հարցի շուրջ առանց երկար մտածելու փոխզիջում ենք անում` ակնկալիքով, որ ապագան մեզ այդ փոխզիջումը շտկելու հնարավորություն կտա, հասկանո՞ւմ ենք արդյոք, որ այդ փոքրիկ փոխզիջումները կուտակվում-կուտակվում ու սովորույթ են դառնում: Չեմ հետաքրքրվում հիվանդ զարմիկով, գոնե մեկ ժամ չեմ կիսում հարևանիս միայնությունը և հազարումի նմանօրինակ առօրյա պուճուր խնդիրներ... Որոհետև ես իմ ժամանակը նվիրում եմ ԲՈԼՈՐԻ համար կարևոր ծրագրի իրագործմանը, ես մտածում եմ բոլորի բարօրության մասին, չէ՞ որ դա է իմ նպատակը, ու ես ժամանակ չունեմ վատնելու մանրմունր խնդիրների վրա... Ովքե՞ր են բոլորը... Ի՞նչ մնաց "հոգատարություն" բառից, բացի մաշտոցյան պառապանծ հնչունների զրնգուն դատարկությունը...
Դժվար է հերոս լինել ամեն օր, ու մենք դա փորձում ենք փոխհատուցել "Ես կարող եմ հերոս դառնալ մի օր" նպատակով...