Ե՞ս: Մի քիչ լայնոտ եմ: Բայց փափուկ: Ոմանց կարծիքով վրայիս գույները շատ-շատ են, ոմանք էլ կարծում են, որ եղածը միանգամայն բավական է իմ նման տնավարի արարածի համար: Եսի՞մ. ես եմ էլի, ինչպիսին կամ:
Վատիկը չեմ, նույնիսկ սիրունիկ: Բայց էդ սիրունությունն ավելի շատ փափկությունից է, քան համաչափությունից: Որովհետև համաչափությունս փուլային բնույթ ունի՝ օրեր կան էնքան ասիմետրիկ եմ դառնում, որ գնա-գալիս եմ. դանակ խփես, արյուն չի գա: Եղանակային ու մարդկային է իմ անհամաչափությունը: Մարդ կա էնպիսի հոգատարությամբ է ինձ պարուրում, ուղղակի ծաղկում եմ՝ թարմ, բուրումնավետ, օդից ու ջրից մի քսան տարի ջահելացած: Մարդ էլ կա, որի հպումից արդեն շունչս կտրվում է. ուզում եմ գոռալ, ինձ հանգիստ թողեք, իմ յուղի մեջ տապակվեմ: Ձմեռները ծանր եմ տանում: Ցուրտը մտնում է ոսկորներս ու մեկիկ-մեկիկ սառցապատում: Իսկ գարնանը քիչ մնա ձայնս գլուխս գցեմ ու գոռամ: Լավ, կարմրեցի:-) Բայց ինչ մեղքս թաքցնեմ. մեկ-մեկ հենց էդպես էլ անում եմ: Գրկում եմ խելառ քամուն ու երկուսով երգում ու երգում ենք: