Եթե բախտներս բերի ու դպրոցում մեզ աշնան փոխարեն առաջարկեն շարադրության գրել սիրո թեմայով, բոլոր աշակերտներն էսօր մի հատ գուգլ կանեն, որ մի լավ ասացվածք գտնեն նախաբանի համար ու, գտնելով, կամփոփեն. «Մինչ օրս ոչ ոք չի կարողացել սահմանել սերը»:
Է, հա, չեն կարողացել, բայց լիքը տաղանդավոր ու անտաղանդ փորձեր եղել են: Ահա ևս մի անտաղանդություն՝ 38-ում ես դա սահմանում եմ էսպես՝ «Հենց կարողացար ասել, թե ինչու ես սիրում որևէ մեկին, ուրեմն էլ չես սիրում, «հավանում ես» (չակերտներով, որովհետև ուղղակի խոսքի մեջբերում է:-))»
Բայց ինչ եմ ուզում ասել. որ դարերի միլիոնավոր փորձերն էսօր ամփոփվել են կինոյում՝ կարճ, երբեմն չափազանց գեղեցիկ, բովանդակալից (դե որ ասենք միջինում 70 տարին փորձես տեղավորել 1:30 ժամում, ահագին բովանդակալից կլինի՝ հանի հերթերը, տրանսպորտը, խոհանոցը, գործի տեղը պատճենահանելն ու նման այլ մանրմունր, աննշանակալից իրադարձությունները քո կյանքից, դու էլ կզարմանաս, թե ինչ բովանդակալից կյանք ես ապրել:-)): Հետո «հեռատուտուցն» (© Հատուլիտ) անջատում ես ու փորձում նույն էդ 1:30 ժամն ապրել ասենք մի հինգ տարում: Գրքերի ու պատմությունների հարցը մի քիչ այլ ա, բայց սկզբունքը պարզ ա, չէ՞՝ քեզ մատուցվում ա սերուցք: Պարզ ա, չէ՞, թե ինչու ես վերջում դառնացած բացականչում՝ «Ռոմանտիկա չկա»:
Չի էլ կարող լինել, եթե ուղեղդ կինո-գրքա-ուրիշային պատմություններով լցոնված տոլմա է: Տեղ չի մնում գնահատելու էն, ինչ խաղողի թփից դուրս ա: Պետք ա թփի մեջ տեղ բացել, բաղադրության փոփոխություն անել: Պետք չի կինոյի տղայի ու աղջկա նման իրար ձեռք բռնել ու խորաթափանց միմյանց աչքերի մեջ նայել՝ ջերմ, զգլխիչ ռոմանտիզմից արբենալու համար: Կարելի է պարզապես քայլել Ներվիոնի ափով, զգալ գետի զով հոսքը, կարմիր տերևների գեղեցկությունը ու կողքիդ տղամարդու առկայությունը: Վերջ, ռոմանս ա: Պետք չի էդ զբոսանքն աղտոտել մոմի լույսի տակ մատուցված հազվագյուտ ութոտնուկի չանչերից պատրաստված ընթրիքի մասին երազելով: Կարելի է անմարդ կանգառում հանգիստ հացուպանիր ուտել՝ սպասելով հաջորդ ավտոբուսին ու հերթական պատառի հետ ժպտալ կողքիդ տղամարդուն՝ ռոմանս է, էն էլ ինչպիսի...
Գրքերը, կինոն, ուրիշների պատմությունները ոնց որ ձեն բուդիզմի ուսուցիչը՝ ուղղորդում են, բայց ամեն օր փետով մի հատ էլ հասցնում են կատարիդ՝ թե գտիր ՔՈ ճամփան ՔՈ իրականության մեջ:
Բա, սիրելի ու սիրուն ընկեր ջան:-) Քչփորի:-)