Friday, September 28, 2007

Երկու սիրուն խնձորների պատմությունը

Իրար կպած սալոր, բալ, խնձոր քանի՞ անգամ եք տեսել: Քիչ անգամներ: Հաստատ: Հազվադեպ: Կարող է գարուն գա-անցնի, ամառ գա-անցնի, աշունն էլ հետը ու էլի չտեսնեք: Որովհետև երկու կեսերը հազվադեպ են իրար գտնում: Որովհետև մենք ինքնաբավ ենք, մենք անհատ ենք, մենք չունենք երկրորդ կեսի կարիք: Դրեք երկու գեղեցիկ սալոր իրար կողքի, երկու խնձոր, երկու բալ: Հաճախ գլորվում են իրարից հեռու: Հաճախ մի սիրուն խնձորի կողքին տաս ուրիշ խնձորներ կարող ես դնել: Տասը սիրունի հետ էլ սիրուն է էդ սիրունը: Տասնմեկն էլ անհատ են:

Պոկում ես իրար կպած խնձորները, խնձոր չեն, կիսատ, հյութաթափ մրգեր են, բայց խնձորներ չեն: Խնձորի նման մի բան են, բայց եթե երկուսով խնձոր էին, հիմա ոչ մի բան են:

Սերը կիսատ խնձորներին իրար բերող անհայտ, անհոտ, անհամ, անգույն, անձև կենսահյութն է...

Սերը երկու սիրուն խնձորների մի բարձին չորանալը չի մրգամանում կամ ծառի ճյուղին...

Wednesday, September 26, 2007

Նարե

Նոր մարդ ա ծնվել:-)

Ամեն առավոտ հազարավոր նոր մարդիկ են ազդարարում լուսաբացն ու իրենց աշխարհ գալը: Տարբերությունը մեկն է. ինչ-որ մեկը, կամ երկուսը, լավագույն դեպքում էլ երկուս և ավելիները անասելի ուրախանում են էդ ծննունդով:

27-ին մեր աղջիկը ծնվեց:-) Տատերիս ու պապերիս, հորս ու մորս, եղբորս ու Լիլիթի աղջիկը էսօր առավոտ ասաց. «Եկել եմ, տե'ր կանգնեք»

Մարդ ա ծնվել, իսկ ես ճամարտակում եմ:-)

Monday, September 24, 2007

Փոքր քաղաքի մասին

Փոքր քաղաքում մարդիկ չեն փոխվում: Անցնում ես փողոցներով ու քեզ դիմավորում են նույն դեմքերը: Չէ, սխալ եմ ասում. մարդիկ փոխվում են, չեն փոխվում մարդկային դեմքերը: Միշտ նույն տատիկը` սմքած, կորացած, սևաշոր: Միշտ նույն աղջնակը` կարմրաթուշ, առողջ, գեղջկական կոպտությունը երիտասարդության բացված վարդի բուրմունքի տակ թաքցրած: Միշտ նույն պատանին` վառվող արյան գեղջական հերոսությունը հարևան տղաների կապտուկներում դաջած: Միշտ նույն համեստ աշխատավորը. միշտ նույն ճանապարհին` առավոտ ու իրիկուն: Միշտ նույն «արվեստագետը», որին ամբոխից առանձնացնում է անհեթեթ միրուքը կամ հազարագույն գլխարկը: Մանուկները, միշտ նույնը` թռվռուն, ուրախ, դեմքերի նախանշաններն արդեն փափուկ դիմագծերում...

Փոքր քաղաքում ժամանակը խոցում է սիրտդ մանկության նետերով...

Փոքր քաղաքից փախչում ես գլխապատառ, վերադառնում կոկորդդ սեղմող կծիկով...

Friday, September 21, 2007

Ազգային ժողովը ժողովրդին

Կատաղած շան նման մենությունը մի անկյունից մյուսն է գցում քեզ, բայց կատաղած շնից պրծում կա. կծեց, տարան շտապ օգնություն ու վերջ: Մենությունից փախուստ չկա: Պիտի կանգնես դիմացն ու նայես աչքերին: Բռնես ձեռքից ու տանես, ուր գնում ես...

Երեկ կամերային նվագախումբը ելույթ էր ունենում Ազգային ժողովի այգում: Վարդագույն պատեր, դեղին լուսին, մեքենաների աղոտ հևք, պաշտոնական կոստյումներից պաշտոնական ժպիտներ ճառագող պատգամավորներ ու Աստոր Պիացոլա, Չայկովսկի, Մանսուրյան:

Մինչ սպասում էի Ձյունիկին, իսկ հանդիսատեսը հավաքվում էր այգում, միջին տարիքի մի տղամարդ մոտեցավ ու թե. «Քուրո, էս ի՞նչ խաբար ա»` ակնկալելով լսել հերթական տնահալածների, ոստիկանաբռաբարվածների ու անթոշակահարների մասին:

- Համերգ է:
- Իա, ո՞վ ա նվագում:
- Կամերային նվագախումբը:
- Հմ... իա...

Տարակուսած փնթփնթոցը հեռանում էր ոլորապտույտ, կորացած քայլվածքի հետ միասին:

********

Ինչո՞ւ է իշխանությունը մյուսին նսեմացնելու գործիք դառնում: Ինչո՞ւ են ուժն ու իշխանությունը գերպատասխանատվության զգացումից վերածվում պորտաբույծ ինքնագոհության: Ինչո՞ւ է իմ մահակն ինձ ուժ տալիս արհամարհելու դիմացինիս, այլ ոչ թե նրա փողի քսակը, որ փակում է բերանս...

Wednesday, September 19, 2007

Երևանյան սեպտեմբեր

Աշնան արևը ստիպում է գնահատել ջերմությունը: Չլիներ քաղաքի աղմուկը, կարելի էր գնահատել նաև երևանյան սեպտեմբերը: Բայց աղմկում է քաղաքն օր ու գիշեր: Փողոցները փակ են, քանդված են, վարորդներն անհանգիստ են, ջղաձիգ, մարդիկ ձմռան ակնկալիքն աչքերում ու սրտերում, ամառն էլ մարմնիններին ապրում են իրենց մի օրը: Փոշի է` կավոտ, մշուշային:

Երեկ «Վերադարձ» փառատոնի սկիզբն էր: Ծրագրում` Բախ և Մարչելո:
Նվագում էր նաև Սվետլանա Նավասարդյանը: Կատարում էր Բախի Concerto for Piano d-moll: Առաջին անգամ էի լսում նրա կենդանի կատարումը:

Երբ հնչյունները մեղեդի են դառնում սահուն ու ներդաշնակ, երբ մարդկային ջիգը այնպես է միահյուսվում գործիքին, որ լսելի են միայն փոթորիկն ու ցավը, մեղմությունն ու լայն սփռված տխրությունը, երբ երաժշտությունն ընկալում է մարմինդ, ուղեղդ ու սիրտդ, դու ամբողջովին, առանց այս անդամահատման, երբ երաժշտությունը մասն է քո ու չի ստիպում մտածել «Օհ, Բախ, հանճարեղ երգահան է: Կոնցերտը թավջութակի համար գրվել է հոգեկան տվայտանքների արդյունքում» հիմարագույն մտքեր, ուրեմն դու լսում ես Վարպետի կատարմամբ Վարպետի ստեղծագործություն: Դու ներկա ես արարման: Հազվադեպ է լինում, բայց երբ գտնում ես այդ պահը, կյանքը թվում է օվկիան:

Tuesday, September 18, 2007